Մեր մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության գերակա ուղղություններից է հրատարակչական ոլորտը: Այստեղ առանձնակի հոգածության առարկա է պարբերականների եւ պաշտոնաթերթերի հրատարակությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական` «Էջմիածին» կրոնագիտական եւ հայագիտական ամսագիրը մինչև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը Մայր Աթոռի հրատարակած «Արարատ» ամսագրի (1868-1919 թթ.) ավանդույթների անմիջական ժառանգորդն ու շարունակողն է: Այն հրատարակվում է ամենամսյա պարբերականութեամբ: Լոյս է տեսնում 1944 թվականից` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Զ․ Չորեքչյանի (1945-1954 թթ.) հառաջաձեռնութեամբ: Խմբագրական աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար 1956 թվականին, Վազգեն Ա․ Հայրապետի (1955-1994 թթ.) տնօրինությամբ, խմբագրությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հատկացվել է առանձին գրասենյակ, իսկ պարբերականի տպագրությունն անխափան իրականացնելու նպատակով 1961 թվականի հոկտեմբերի 15-ին վերաբացվել է Մայր Աթոռի տպարանը: Կրոնագիտական, հայագիտական պարբերականի գիտականությունը նոր մակարդակի բարձրացնելու, ինչպես նաև հրատարակությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով 1965 թվականին Վազգեն Ա․ Կաթողիկոսի նախաձեռնությամբ կազմավորվել է խմբագրական խորհուրդ: 2018 թ. սկսած, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, «Էջմիածին» ամսագրի խմբագրութեան աշխատանքները համակարգում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչական բաժինը:
Հիմնադրման առաջին իսկ օրերից ամսագիրը կարևոր դերակատարություն է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև Հայրենիքի սահմաններից դուրս մերձավոր ու հեռավոր Սփյուռքում` հայագիտության, աստվածաբանության, կրոնագիտության եւ առհասարակ դպրության զարգացման գործում: Հրատարակության 80 տարիների ընթացքում «Էջմիածին» ամսագրին թղթակցել են զանազան երկրների գիտության կաճառների եւ կրթական հաստատությունների բազմաթիվ՝ հայ եւ օտարազգի մեծանուն ու վաստակաշատ հայագետներ ու աստվածաբաններ, պատմաբաններ, բանասերներ այլ և այլ բնագավառների մշակներ: «Էջմիածին» ամսագրում տպագրվող գիտական հոդվածները գրախոսվում են: Ամսագրի տպագրուած օրինակներն առաքվում են Հայաստանյան և արտերկրի մի շարք գրադարաններ, իսկ թվային տարբերակները տեղադրվում են համացանցային համապատասխան կայքերում:
«Էջմիածին» կրոնագիտական և հայագիտական ամսագրին առնչվող հիմնական տեղեկություններ
Լոյս է տեսնում Գևորգյան հոգևոր ճեմարանի գիտական խորհրդի որոշմամբ
Պաշտոնական կոչումը՝ Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի
Պաշտոնական անվանումը՝ (հայերեն)՝ «Էջմիածին» կրոնագիտական և հայագիտական ամսագիր
Պաշտոնական անվանումը (անգլերեն)՝ “Etchmiadzin” Theological and Armenological Journal
Պաշտոնական անվանումը (ռուսերեն)՝ «Эчмиадзин» религиоведческий и арменоведческий журнал
Պաշտոնական կրճատ անվանումը՝ «Էջմիածին», “Etchmiadzin”, «Эчмиадзин»
Հրատարակիչ՝ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի հրատարակչություն
Հասցէ՝ ՀՀ, 1101, Վաղարշապատ, Արարատյան 2, Մայր Աթոռ Ս․ Էջմիածին
Թողարկման պարբերականությունը՝ տարեկան տասներկու համար և մեկ օտարալեզու հավելված
Տպաքանակը՝ 150 օրինակ
