ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

(Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում հիմնվել է աստվածաբանական օտարալեզու հանդես)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում հրատարակչական ոլորտը։ Այս ոլոտում կարևոր ուղղություն է պարբերականների և պաշտոնաթերթերի հրատարակությունը։ 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած Ս․ Էջմիածինն ունի հաջողված փորձառություն գիտական և հանրամատչելի պարբերականներ հրապարակելու գործընթացներում։ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի կողմից առ այսօր հրատարակվող ամսագրերն ու թերթերը հայալեզու պարբերականների շարքերում ունեցել են և ունեն բացառիկ դեր՝ հատկապես հայագիտության զարգացման դիտանկյունից։ Սակայն դրանցից որևէ մեկը ժամանակակից գիտաչափության պահանջների տեսանկյունից  միջազգային չէ։

Ուստի, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի հրատարակչական բաժնի ենթակայության ներքո հիմնվել է նոր օտարալեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն) հանդես՝ “Etchmiadzin” Journal of Theology and Religious Studies, որը կներառի միայն գիտական հոդվածներ՝ դառնալով Հայ Առաքելական Եկեղեցու օտարալեզու աստվածաբանական և կրոնագիտական հանդեսը (թեմատիկ շրջանակը), որի նպատակն է ապագայում ներառվելու միջազգային վարկանիշ ունեցող գիտական պարբերականների շտեմարաններում (մասնավորապես՝ Scopus, Clarivate Analitycs (Web of Science) և այլն)։

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ձևավորվել է խմբագրակազմ և խմբագրական խորհուրդ։

Խմբագրությունը հրավիրում է բոլոր աստվածաբաններին և կրոնագետներին՝ թղթակցելու նշված պարբերականին։

Հանդեսի հրատարակչական քաղաքականության, հոդվածների կառուցվածքի, չափորոշիչների և ներկայացման մասին մանրամասն կարող եք տեղեկանալ հանդեսի  etchmiadzinperiodical.org  կայքում։

 

Խմբագրություն